Հայերի մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել 1914-1918 թվականներին: 1914 թ. ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության ներքո։ Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս (Թիֆլիս՝ կամավորական ջոկատների հավաքատեղին), Կիպրոս (Կիլիկիայի Հայկական լեգեոնի հավաքատեղին)։ Ամերիկահայ կամավորները(հրամանատար՝ Ալեքսանդր Մնացականյան) մեծ դժվարությամբ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, եկան Արխանգելսկ-Պետրոգրադ, այնտեղից էլ՝ Կովկաս[2]։

Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914-1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից:

Հայության գերակշիռ մեծամասնությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին: 1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ Անտանտի անդամ երկրների՝ մասնավորապես՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը։ Քաղաքական տեսանկյունից՝ հայկական ազգային ղեկավարությունը հավատում էր, թե Անտանտի հաղթանակի դեպքում հայ ազգը իրավունք կնվաճի պահանջներ դնելու՝ իր երկրի ապագայի վերաբերյալ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Մյուս կողմից հայ ժողովուրդը ունեցավ մեծ ձեռքբերում։ Նա ստեղծեց ազգային ռազմական ուժերի սաղմը, որոնք հետագայում հնարավորություն տվեցին պայքարելու Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի դեմ և ստեղծել անկախ հայկական ազգային պետականությունը՝ իր սեփական ազգային բանակով:

1916-1918 թթ. Հայկական լեգիոնի անձնակազմի թվաքանակը կազմել է 4,124 զինվոր և սպա։ 1920-1921 թթ. 10,150 զինվոր և սպա:

Leave a comment